Ակադեմիայի պատմությունը
Հայաստանում շախմատի ակադեմիա հիմնելու գաղափարը ծնվել էր դեռևս 1996թ. ԳՄ Սմբատ Լպուտյանի կողմից: Գիտակցվում էր գործի կարևորությունը. այդ տարիներին Հայաստանից մի շարք առաջնակարգ շախմատիստներ էին հեռացել: Մտահոգում էր հուսալի հերթափոխի հարցը: Ակադեմիան իր շուրջը պիտի միավորեր Հայաստանի լավագույն պատանի շախմատիստներին ու մարզիչներին, դրա հիմնումով պիտի լուծվեր տաղանդաշատ շախմատիստներին օգնելու, նրանց վարպետությունը հղկելու եւ կատարելագործելու խնդիրը, ինչպես նաև շախմատը մասսայականացնելու հանրապետության տարածքում: Սակայն ծրագիրն իրականացնելը դյուրին չէր: Ի հայտ էին գալիս դժվարություններ` կապված ֆինանսական եւ այլ խնդիրների հետ:
Տեղեկանալով Հայաստանում շախմատի ակադեմիա հիմնելու ծրագրին` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հարցի առնչությամբ եւ խոստանում օժանդակել: Նրա գործուն աջակցությամբ հաղթահարվում են խոչընդոտները, որ ծագում էին գաղափարը կյանքի կոչելու ճանապարհին: Հետևողականությունը, որ ցուցաբերեցին ԳՄ Սմբատ Լպուտյանը և ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հարցի լուծման կապակցությամբ, տվեց իր արդյունքը: 2002թ. հիմնադրվեց Հայաստանի շախմատի ակադեմիան` ԳՄ Սմբատ Լպուտյանի ղեկավարությամբ և ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ: Հայաստանի շախմատի ակադեմիան հանդիսանում է շախմատի ուսուցման լավագույն կենտրոններից մեկը: Այս տարիների ընթացքում ակադեմիայի սաներից մի քանիսը դարձել են միջազգային գրոսմայստերներ և վարպետներ, Եվրոպայի առաջնություններում երեքը դարձել են ոսկե, իսկ երկուսը՝ արծաթե մեդալակիրներ, ինչպես նաեւ Աշխարհի առաջնություններում ձեռք են բերել 2-ական ոսկե և արծաթե մեդալներ:
Ակադեմիան մասնաճյուղեր ունի Հայաստանի ավելի քան 44 քաղաքներում: Աշխատանքներ են տարվում Հայաստանից դուրս մասնաճյուղեր բացելու ուղղությամբ: Տարին երկու անգամ սաների համար կազմակերպվում են ուսումնամարզական հավաքներ Հայաստանի լավագույն հանգստավայրերում, իսկ մարզիչների համար` վերապատրաստման բաց սեմինարներ: Հայաստանի շախմատի ակադեմիա են հաճախում 10-18 տարեկան այն պատանիներն ու աղջիկները, ովքեր Հայաստանի շախմատի առաջնությունում գրավել են I, II և III տեղերը: Ակադեմիայում գործում են խմբեր, ուր հաճախում են 4-9 տարեկան երեխաներ: Այստեղ կարող են սովորել մինչև 18 տարեկանը: Լավագույն արդյունք ցույց տված սաներին հնարավորություն է ընձեռվում ուսումը շարունակել մինչև 20 տարեկանը: Պարապմունքներն անցակացվում են անվճար` Հայաստանի լավագույն մարզիչների կողմից:
Հայաստանի շախմատի ակադեմիան մինչ օրս կազմակերպել է բազմապիսի միջազգային մրցաշարեր: |