Գրանցում

Վաղարշապատի թրվ 12 դպրոցի թիմը՝ ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի հաղթող

2018-05-10

Գորիսում ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադան, որին  մասնակցում էին նախընտրական փուլերը հաղթահարած 18 դպրոցների թիմերը՝ ՀՀ բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից և Ջավախքից:

Մրցաշարն անցկացվում էր հետևյալ ժամակարգով՝ 10 րոպե ամբողջ պարտիայի համար՝ 5 վայրկյայ հավելումով յուրաքանչյուր քայլի համար:

Հաղթողի կոչման և հունիսի 1-9-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվող հեղինակավոր «Սպիտակ նավակ» մրցաշարի մասնակցության իրավունքի համար ընթացավ համառ և անզիջում պայքար: 

Չեմպիոնի կոչման համար պայքարում էին Վաղարշապատի N 12  և Երևանի N 19 հանրակրթական դպրոցների թիմերը: Խաղացված 17 տուրերից հետո այս երկու թիմերը վաստակեցին 53.5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո չեմպիոն դարձավ Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը:

Մրցաշարում հաջող հանդես եկավ նաև Երևանի Ուսում հանրակրթական դպրոցի թիմը, որը վաստակած 49.5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունեցին և մրցաշարի հաղթողների պարգևները հանձնեցին  Սյունիքի մարզպետ, Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսսա Մարգարյանը:




Developed by LAB64 LLC