Գրանցում

ՍՈՒՐԲ ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ

2014-12-20

Դեկտեմբերի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ թեմական երիտասարդների նախաձեռնությամբ կայացավ Սուրբ Աբգար թագավորի տոնին նվիրված ամենամյա շախմատային մրցաշարը:
Միջոցառումն ուշագրավ էր նրանով, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում կայացած շախմատային խաղին իրենց մասնակցությունն էին բերել ոչ միայն թեմական երիտասարդները, այլև թեմի հոգևորականներ ու համագործակցող կառույցների՝ Երևանի քաղաքապետարանի, Ազգային առաջնորդության ինստիտուտի և Հ.Մ.Ը.Մ. ներկայացուցիչներ: Միջոցառումը մեկնարկեց միասնական աղոթքով՝ հանդիսապետությամբ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, որից հետո միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը մասնակիցներին ծանոթացրեց մրցաշարի կանոններին: Մասնակիցները նախ իրենց ուժերը չափեցին միմյանց հետ, իսկ այնուհետև հաղթող տասներկու մասնակիցների հետ շախմատի միաժամանակյա խաղ անցկացրեց միջազգային կարգի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը:
Շախմատի միաժամանակյա խաղը տևեց ավելի քան երեք ժամ և ավարտվեց հիմնականում աշխարհի չեմպիոնի հաղթանակով: Խաղի ընթացքին հետևում էին Նավասարդ Սրբազանը, հոգևորականներ, Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, երիտասարդներ ու լրագրողներ: Գրանցվեց միայն մեկ ոչ ոքի. գրոսմայստերի հետ հավասար խաղաց Երևանի Ավանի շախմատի դպրոցի սան Հովհաննես Պետրոսյանը:
Սրբազան հոր անունից Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների համակարգող, արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը  Սմբատ Լպուտյանին, Վլադիմիր Հակոբյանին, մրցավարին ու բոլոր մասնակիցներին գրքեր նվիրեց: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անունից Վահագն Խաչատրյանը թեմի երիտասարդաց հոգևոր խորհրդին հանձնեց վկայագիր՝ ամենամյա շախմատային մրցաշարի կազմակերպման ու անցկացման, երիտասարդության շրջանում շախմատի խրախուսման համար:

      

      

      

      

   




Developed by LAB64 LLC