Գրանցում

Կապանում ամփոփվեց ՀՀ դպրոցականների շախմատի հոբելյանական 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

2026-09-15

20 տարի՝ շախմատի, դպրոցների ու սերունդների հետ

Սեպտեմբերի 12-ին Կապանում ամփոփվեց ՀՀ դպրոցականների շախմատի հոբելյանական 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը։

Մի քանի օր շարունակ 14 լավագույն դպրոցական թիմեր մրցեցին օլիմպիադայի հաղթողի կոչման համար՝ Կապանում միավորելով Հայաստանի տարբեր համայնքների դպրոցականներին, նրանց մարզիչներին ու ուսուցիչներին։

20-րդ օլիմպիադան նաև 20 տարվա պատմության մի կարևոր կանգառ էր։ Տարիների ընթացքում այս հարթակում հանդիպել են հազարավոր երեխաներ, ձևավորվել են ընկերություններ, անցել են մրցաշարեր, և ամենակարևորը՝ դպրոցական շախմատը շարունակել է իր ճանապարհը։

Փակման հանդիսավոր արարողությունը դարձավ այս ճանապարհի ամփոփումը։ Միջոցառմանը ներկա էին  Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-գլխավոր տնօրեն, ՄԳ Սմբատ Լպուտյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության հումանիտար ծրագրերի տնօրեն Ինեսսա Մարգարյանը և Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արտուր Խոջաբաղյանը։

Արարողության ընթացքում հատուկ շնորհակալագրերի արժանացան նաև Վահագն Խաչատրյանն ու Սամվել Արզումանյանը՝ դպրոցականների շախմատի զարգացման գործում իրենց երկարամյա աշխատանքի և օլիմպիադայի կայացմանն ու շարունակական զարգացմանը ունեցած մասնակցության համար։

Իսկ այս տարվա լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը՝

1-ին հորիզոնական՝ Երևանի №77 հիմնական դպրոց

2-րդ հորիզոնական՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

3-րդ հորիզոնական՝ Այնթապի №1 միջնակարգ դպրոց


Շնորհավորում ենք հաղթողներին և բոլոր մասնակիցներին։

Հաղթական եռյակի ճանապարհը, սակայն, այստեղ չի ավարտվում։ Նրանք հնարավորություն են ստացել ներկայացնելու Հայաստանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Ծաղկաձորում կայանալիք FIDE ISCF World Schools Team Championship-ի Եվրոպական մայրցամաքային փուլում։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Օլիմպիադայի գլխավոր հովանավոր AGBU Armenia-ին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-ը՝ դպրոցական շախմատի զարգացմանն ու այս նախաձեռնության շարունակական իրականացմանը ցուցաբերած աջակցության և տարիների համագործակցության համար, ինչպես նաև Օլիմպիադայի անցկացմանն աջակցած Կապանի համայնքապետարան/Kapan municipality-ին, Կապանի Մշակույթի Կենտրոն-ին և Սյունիքի մարզպետարանին։

Հաջողություն մեր դպրոցական թիմերին FIDE ISCF World Schools Team Championship-ում, իսկ մենք կհանդիպենք հաջորդ տարի։

        




Developed by LAB64 LLC