Գրանցում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ և ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Ընդունելություն

Սույն կանոնակարգով սահմանվում են Հայաստանի շախմատի ակադեմիա ընդունվող երեխաների ընդունելության կարգը, պարտականությունները, ինչպես նաև ընդունելությանը վերաբերող այլ հիմնական հարցեր:

Հայաստանի շախմատի ակադեմիայում շախմատի խմբային դասընթացներն անցկացվում են շաբաթական 6 օր՝ երկուշաբթիից շաբաթ. ԱՆՎՃԱՐ հիմունքներով:

Ակադեմիա կարող են ընդունվել.

  • 4-5 տարեկան սկսնակ երեխաներ, ում կուսուցանեն շախմատ` սկսած առաջին քայլից:
  • 6 տարեկան երեխաներ, ովքեր ունեն շախմատային ունակություններ՝ քարերի ճանաչելիություն և քայլերի իմացություն (մարզչական խորհրդի որոշմամբ):
  • 7 տարեկան երեխաներ, ովքեր ունեն IV որակավորման կարգ:
  • 8 տարեկան տղաներ, ովքեր ունեն III որակավորման կարգ (աղջիկներ, ովքեր ունեն 4-րդ կարգ):
  • 9 տարեկան տղաներ, ովքեր ունեն II որակավորման կարգ (աղջիկներ, ովքեր ունեն 3-րդ կարգ):
  • 10 տարեկան տղաներ, ովքեր ունեն I որակավորման կարգ (աղջիկներ, ովքեր ունեն 2-րդ կարգ), (մարզչական խորհրդի որոշմամբ):
  • 11-16 տարեկան շախմատիստ/շախմատիստուհիներ, ովքեր անցել են Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության տվյալ տարիքային խմբի եզրափակիչ փուլ:
  • 17-18 տարեկան շախմատիստ/շախմատիստուհիներ, ովքեր տեղեր են զբաղեցրել Հայաստանի պատանիների առաջնության տվյալ տարիքային խմբի եզրափակիչ փուլի առաջին կեսում:

Ակադեմիա ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • երեխայի ծննդյան վկայական/անձնագիր,
  • 1 լուսանկար (3x4),
  • որակավորման կարգը հաստատող գրքույկ (առկայության դեպքում):

Հերթագրումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Նոր խմբի ձևավորման դեպքում հերթագրված երեխաները տեղեկացվում են հեռախոսազանգի միջոցով (ըստ հերթագրման հերթականության):

Խմբի փոփոխման կամ այլ շախմատի մարզադպրոցներից ակադեմիա տեղափոխվելու պարագայում անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ: Տեղափոխման (ընդունելության) վերաբերյալ որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը` դիմում-հայտում ներկայացված տվյալների հիման վրա։

Այլ շախմատի մարզադպրոցներից ակադեմիա տեղափոխությունը կատարվում է տարեկան 2 անգամ, եթե տեղափոխվող շախմատիստը ունի 2-րդ և ավելի բարձր որակավորման կարգ։

  • մայիս ամսին՝ Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարից հետո,
  • նոյեմբեր ամսին՝ Աշխարհի և Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնություններից հետո:

2. Սաների իրավունքներն ու արտոնությունները

  • Ակադեմիայում գործում են 4-6 հոգուց բաղկացած խմբեր լավագույն սաների համար, որտեղ յուրաքանչյուր երեխային ցուցաբերվում է անհատական մոտեցում:
  • Ակադեմիայի կողմից կազմակերպվում են խոշոր և միջազգային մրցաշարեր, որոնց Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ փուլում 1-3 տեղերը զբաղեցրած ակադեմիայի սաներին հնարավորություն է տրվում մասնակցել անվճար հիմունքներով, իսկ Հայաստանի եզրափակիչ փուլ անցած սաների մասնակցության վճարը զեղչվում է 50%-ով։
  • Ակադեմիայի կողմից կազմակերպվում են հավաքներ, որոնց մասնակցությունը Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ փուլում առաջին տեղերը զբաղեցրած ակադեմիայի սաների համար անվճար է, իսկ երկրորդ տեղերը զբաղեցրածների համար՝ մարզչական խորհրդի որոշմամբ:
  • Ակադեմիան առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունք ստացած ակադեմիայի սաներին։
  • Ակադեմիայում պարբերաբար կազմակերպվում են դաս-սեմինարներ Հայաստանի առաջատար մասնագետների մասնակցությամբ։
  • Ակադեմիայի մասնաճյուղերի լավագույն սաների համար կազմակերպվում են դասընթացներ ակադեմիայում և հեռավար ուսուցման ձևաչափով։

3. Շախմատի ակադեմիայից դուրս մնալու պայմաններ

Ստորև նշված տարիքային խմբերի սաները զրկվում են ակադեմիայում ուսումը շարունակելու իրավունքից, եթե չեն համապատասխանում ակադեմիայի կողմից սահմանված առաջընթացի չափանիշներին։
        Ակադեմիայից դուրս են մնում.

  • ·7 տարեկան պատանի շախմատիստները, ովքեր առնվազն 1.5 տարի հաճախելով ակադեմիա չեն լրացրել 4-րդ որակավորման կարգը։

  • ·8 տարեկան պատանի շախմատիստները, ովքեր առնվազն 1.5 տարի հաճախելով ակադեմիա չեն լրացրել 3-րդ որակավորման կարգը։

  • ·9 տարեկան պատանի շախմատիստները, ովքեր չեն լրացրել 2-րդ որակավորման կարգը։

  • ·10 տարեկան պատանի շախմատիստները, ովքեր չեն լրացրել 1-ին որակավորման կարգը։

  • ·8 տարեկան շախմատիստուհիները, ովքեր առնվազն 1.5 տարի հաճախելով ակադեմիա չեն լրացրել 4-րդ որակավորման կարգը։

  • ·9 տարեկան շախմատիստուհիները, ովքեր առնվազն 1.5 տարի հաճախելով ակադեմիա չեն լրացրել 3-րդ որակավորման կարգը։

  • ·10 տարեկան շախմատիստուհիները, ովքեր չեն լրացրել 2-րդ որակավորման կարգ:

  • ·11 տարեկան շախմատիստուհիները, ովքեր չեն լրացրել 1-ին որակավորման կարգը:

4. Բացառություններ

Տվյալ տարում եզրափակիչ փուլ չանցած 10-ից 17 տարեկան սաները դուրս չեն մնում ակադեմիայից հետևյալ դեպքերում՝

  • Եթե սանը, լինելով 10-ից 17 տարեկան, տվյալ տարվա մայիսի 1-ի դրությամբ զբաղեցնում է 1-ից 3-րդ  հորիզոնականները ազգային անհատական վարկանիշային աղյուսակում:
  • Եթե սանը նախորդ տարի մասնակցել է Հայաստանի եզրափակիչ առաջնությանը իր տարիքային խմբում, և հաջորդ տարում տեղափոխվել է ավելի բարձր տարիքային խումբ (օրինակ՝ նախորդ տարի խաղացել է մինչև 10 տարեկանների եզրափակչում, իսկ այս տարի խաղալու է  մինչև 12 տարեկանների խմբում), ապա պահպանում են ուսման իրավունքը, անգամ եթե այս տարի չի անցել եզրափակիչ:
  • Եթե սանը ծնվել է սույն թվականի նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսներին և հաջորդ տարի տեղափոխվելու է ավելի բարձր տարիքային խումբ՝ Հայաստանի պատանիների և աղջիկների կիսաեզրափակչում լավ արդյունք ցուցաբերելու դեպքում, պահպանում է ուսման իրավունքը (օրինակ՝ նոյեմբեր և դեկտեմբերի ամսին լրացել է սանի 10 տարեկանը և հաջորդ տարի խաղալու է Մ12 տարեկանների խմբում) (մարզչական խորհրդի որոշմամբ)
  • Սանը պահպանում է ուսման իրավունքը, եթե մինչև օգոստոսի 31-ը զբաղեցրել է 1-ին կամ 2-րդ տեղը հետևյալ մրցաշարերից որևէ մեկում՝
  • Ստեփան Ավագյանի անվան մանկապատանեկան մրցաշար
  • Տիգրան Պետրոսյանի անվան պատանեկան մրցաշար
  • Այլ միջազգային մրցաշարեր՝ մարզչական խորհրդի որոշմամբ

5. Տարիքի հաշվարկը

Տարիքը որոշվում է ծննդյան տարեթվով և օրով՝ ըստ ընթացիկ տարվա համապատասխան ամսաթվի:




Developed by LAB64 LLC