«Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա» միջազգային գիտաժողով
2026-10-05Ծաղկաձորում ավարտվեց «Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա» միջազգային գիտաժողովը՝ երկու օր շարունակ մեկ հարթակում համախմբելով շախմատի, կրթության, հոգեբանության և գիտության ոլորտների մասնագետների Հայաստանից և արտերկրից։
Հոկտեմբերի 1-2-ը Eighty Eight Hotel & Spa-ում անցկացված գիտաժողովի ընթացքում քննարկվեցին շախմատի՝ որպես կրթական գործիքի հնարավորությունները, դրա ազդեցությունը մտածողության և անձի զարգացման վրա, դասավանդման ժամանակակից մեթոդները, ներառական կրթությունը, ուսուցիչների վերապատրաստումն ու թվային տեխնոլոգիաների դերը։
Գիտաժողովի առանցքում մեկ ընդհանուր գաղափար էր՝ շախմատը միայն խաղ չէ, այլ մտածել սովորելու և զարգանալու միջավայր։ Հենց այս դիտանկյունից էլ երկու օրերի ընթացքում ներկայացվեցին գիտական հետազոտություններ, գործնական փորձ և նոր մոտեցումներ՝ ձևավորելով մասնագիտական հետաքրքիր ու բովանդակալից քննարկումներ։
Ծրագրին մասնակցեցին միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, մանկավարժներ, շախմատի մասնագետներ և կրթական ոլորտի ներկայացուցիչներ։ Առանձին ուշադրության արժանացան նաև ներառական շախմատային կրթությանը և տարբեր կարիքներ ունեցող սովորողների հետ աշխատանքի մեթոդներին նվիրված գործնական քննարկումները։
Գիտաժողովը դարձավ ոչ միայն գիտելիքի փոխանակման, այլև նոր կապերի, գաղափարների և համագործակցության ձևավորման հարթակ՝ շարունակելով շախմատի և կրթության փոխկապակցվածության շուրջ միջազգային մասնագիտական երկխոսությունը։
Ծաղկաձորում անցկացված երկու օրերն ավարտվեցին, սակայն քննարկված հարցերը շարունակում են մնալ արդիական՝ ինչպե՞ս կարող է շախմատը օգնել կրթությանը և ինչպե՞ս կարող ենք շախմատն ավելի արդյունավետ դարձնել կրթության մաս։


